Խաչատուր Աբովյան
Դարաշրջանի հոգևոր արժեքների, ռոմանտիկական աշխարհընկալման ընդհանրացումը Աբովյանի հարուստ գրական ու գիտական ժառանգությունն է։ Գրաբար և աշխարհաբար բանաստեղծություններում («Կարօտութիւն նախնի վայելչութեանց հայրենեաց իմոց», «Սրբաճեմ ոտից Տեառն գթութեանց», «Զգացմունք ցաւալի սրտիս…», «Զի՞նչ այս դառն հարուած…», «Գարուն» և այլն) անդրադարձել է անհատի և հայրենիքի ճակատագրերին, երազանքի և աններդաշնակ իրականության հակադրություններին։ Աբովյանը մտորել է գեղարվեստական գրականությանը համապատասխանեցնելու նոր ժամանակների պահանջներին, աշխարհաբարը ժողովրդին հասկանալի գրականւթյան լեզու դարձնելու մասին։
Հակոբ Պարոնյան
Երգիծական, հրապարակախոսական հոդվածներում, կատակերգություններում («Երկու տէրով ծառայ մը», 1865, հրատարակվել է՝ 1911, «Ատամնաբոյժն արեւելեան»,1868), արձակ գործերում («Ազգային ջոջեր», 1874 «Կսմիթներ», 1874-1877, «Հոսհոսի ձեռատետրը»,1880, «Քաղաքավարութեան վնասները», 1886-1887, «Խօսակցութիւնք մեռելոց», 1886_1887) ծաղրել է 19-րդ դարի հայ ազգային, հասարակական կյանքը, ընտանեկան կենցաղն ու բարքերը։ Երգիծական ժանրի կատարյալ նմուշներ են «Պաղտասար աղբար» (1886-1887) կատակերգությունը և «Մեծապատիւ մուրացկաններ» (1887) վեպը, որոնք առանձնանում են խոսքի, կերպարների և դրության ընդգծված կոմինուզմով։
Պետրոս Դուրյան
Ներքաղաքական ռեակցիայի ուժեղացումը Թուրքիայում սուր տագնապներ է առաջացրել Պետրոս Դուրյանի պոեզիայում։ Բանաստեղծը հայ ժողովրդի փրկության ելքը համարել է լուսավորությունն ու միաբանությունը, կոչ է արել ինքնապաշտպանության («Նոր սև օրեր»)։ Դուրյանը հայ նոր քնարերգության առաջին մեծ սիրերգակն է. ռոմանտիկորեն չափազանցված, բայց զգացմունքի ողջ խորությամբ արտահայտել է անհատի հոգևոր ներաշխարհը, ապրումները («Պետք է մեռնիլ», «Սիրել», «Դրժել», «Լճակ», «Հծծյունք», «Նե», «Ներա հետ» և այլն ), տառապող մարդու բողոքը («Տրտունջը»)։ Դուրյանի ժառանգության անքակտելի մասն են ռոմանտիկական դրամաները («Վարդ եւ Շուշան կամ Հովիւք Մասեաց», 1867, «Սեւ հողեր կամ Յետին գիշեր Արարատեան», 1868, «Արտաշես Աշխարհակալ», 1869, «Թատրոն կամ Թշուառներ», 1871, և այլն)։
Միքայել Նալբանդյան
Իր ապրած դարաշրջանի ողջ հոգևոր փորձն ընդհանրացրել է Միքայել Նալբանդյանը։ Նա թողել է հարուստ գրական ժառանգություն (պոեզիա, արձակ, գրաքննադատական, հրապարակախոսական, պատմագիտական, փիլիսոփայական, լեզվաբանական, մանկավարժական, բանասիրական աշխատություններ)։ Նալբանդյանի պոեզիային բնորոշ են փիլիսոփայական խոհականությունը, հայրենասիրությունը, ազատասիրությունը, անցավորի ու հավերժականի տիեզերական սկզբի որոնումը, ներանձնական խոհերը («Լուսին», «Վազող ջրին», «Կյանք», «Մտածողություն», «ճշմարտություն», «Ապոլլոնին», «Իտալացի աղջկա երգը», «Ազատություն», «Մանկության օրեր» և այլն)։ Սզգային վեպի ձևավորման ասպարեզում նշանակալի է Նալբանդյանի դերը. «Մինին՝ խօսք, միւսին՝ հարսն» (1858) վիպակը և «Մեռելահարցուկ» (1859) վեպը հայ ռեալիստական արձակի առաջին գործերից են։ Հրապարակախոսության և գեղարվեստական ոճերի միասնություն է «Յիշատակարան Կոմս էմմանուէլի օրագրական թերթերից» (1858-1860) երկը, որտեղ արտացոլվել են ժամանակի հայ հասարակական կյանքին բնորոշ իրադարձությունները։ «Յաղագս հայկական մատենագրութեան ճառ» (1854-1855), «Յառաջաբան Թափառական հրեայի» (1857) , «Հանդես նոր հայախօսութեան» (1858) , «Կրիտիկա Սօս եւ Վարդիթերի» (1863-1864) ու բազմաթիվ այլ հոդվածներով և ուսումնասիրություններով Նալբանդյանը հայ գրաքննադատության հիմքն է դրել։ Բացառիկ է նրա ավանդը հայ հրապարակախոսության ձևավորման և զարգացման մեջ («Երկու տող», 1861, «Երկրագործութիւնը որպես ուղիղ ճանապարհ», 1862, «Հեգելը եւ նորա ժամանակը», 1863, հրատարակվել է՝ 1902)։
Վահան Տերյան
Դարասկզբի հայ գրականության ամենաբարձր և կատարյալ երևույթներից մեկը Վահան Տերյանի 1885–1920 պոեզիան է։ Առաջին իսկ գրքով («Մթնշաղի անուրջներ», 1908) Վահան Տերյանը հանդես եկավ իբրև բանաստեղծական ձևի ու բովանդակության իսկական նորարար, բացահայտելով խոհերի, զգացմունքների ու երազների մի հարուստ ներաշխարհ։ Այդ ճանապարհին նրան շատ բան տվեց սիմվոլիստ, բանաստեղծության կուլտուրան, որից նա «սովորեց բանաստեղծական պատկերի ներքին հարստության, լեզվի նրբության և հկվածության, բարձր երաժշտականության, տաղաչափական անթերի կատարելության հասնելու ուղիները։ 1910 թվականներից սկսած հայ բանաստեղծության զարգացումը մեծապես ընթանում էր Վահան Տերյանի ազդեցությամբ։ Երևան եկավ Վահան Տերյանին հետևող երիտասարդ բանաստեղծների մի ամբողջ սերունդ։
Եղիշե Չարենց
Այդ սերնդի խոշորագույն դեմքը դարձավ Եղիշե Չարենցը (1897–1937)՝ նախահոկտեմբերյան շրջանի իր ստեղծագործությամբ։ Այդ տարիներին հրատարակված բանաստեղծական ժողովածուներում («Երեք երգ տխրադալուկ աղջկան», 1914, «Ծիածան», 1917) և պոեմներում «(«Կապուտաչյա Հայրենիք», 1915, «Դանթեական առասպել», 1916) Եղիշե Չարենցն արտահայտեց առաջին համաշխարհային պատերազմի իրադրությունից ծնված ողբերգական մտորումներ, երջանկաբեր հեռուների բուռն ձգտում։ Այդ բոլորը, սակայն, ստանում էր գերազանցապես սիմվոլիստ, գունավորում, իրական աշխարհից հաճախ տեղափոխվում էր անուրջների և ստվերների ոլորտը։ Վահան Տերյանի համեմատությամբ երիտասարդ Եղիշե Չարենցն զգալիորեն խորացրեց պոեզիայի սիմվոլիստ, բովանդակությունն ու ձևերը։ Նա իր տրամաբանական վախճանին հասցրեց Վահան Տերյանի սկզբնավորած դպրոցը, ավարտեց սիմվոլիզմի պատմությունը հայ գրակակամության մեջ։ Սակայն վաղ շրջանի չարենցյան երկերի և առաջին հերթին «Դանթեական առասպելի» մեջ մուտք գործեցին նաև կյանքի իրական պատկերներ, որը և հող ստեղծեց ռեալիզմի առաջացման համար։ Իսկ 1910-ական թվականների վերջին գրած «Սոմա» (1918), «Ամբոխները խելագարված» (1919) պոեմներով և ապա 20-ական թվականների ստեղծագործությամբ Եղիշե Չարենցը դարձավ հեղափոխության մեծ երգիչը, սոցիալիստ, ռեալիզմի խոշորագույն արվեստագետը հայ գրակականության մեջ։